10 June 2011

Այսօր Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց Կաննի կինոշուկայի արդյունքները:

 

Գևորգ Գևորգյանի փոխանցմամբ, Հայաստանի ազգային կինոկենտրոնն արդեն երրորդ անգամ մասնակցում է աշխարհի ամենահին և խոշոր միջազգային կինոփառատոնի` Կաննի կինոշուկային։

 

«Ազգային կինոկենտրոնի խնդիրն է Հայաստանում գործող կինոկազմակերպությունների ու պրոդյուսերների համար ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք կարողանան ներկայացնել իրենց աշխատանքը միջազգային շուկայում և ծանոթանալ արտերկրի գործընկերների հետ», - ասաց Գևորգ Գևորգյանը։ Ազգային կինոկենտրոնի տնօրենը նաև տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել Չեխիայի և Ուկրաինայի հետ։ Հայաստանը հրավեր է ստացել նաև Ռուսաստանից իրենց կինոփառատոնին անվճար տաղավար ունենալու և կինոփառատոնին մասնակցելու համար։

 

Նշենք, որ այս տարվա հայկական տաղավարը Կաննի փառատոնում կինոշուկային ներկայացել է նորովի ինչպես արտաքին ձևավորմամբ, այնպես էլ պատրաստված նյութերի բովանդակությամբ և դիզայնով։ 9 քմ տարածք ունեցող տաղավարում ներկայացված էին 2009 - 2010 թվականներին արտադրված հայկական ֆիլմերի կատալոգը, տեղեկատվական նյութեր։

 

Այս տարի առաջին անգամ կինոկենտրոնի կողմից պատրաստվել էին հատուկ փոստ բացիկներ տարբեր կինոծրագրերի և ֆիլմերի համար, որոնց վրա գրված հեղինակների տվյալները հնարավորություն էին տալիս հետաքրքրվողներին անմիջապես կապվելու դրանց հեղինակների հետ։ Հայկական պատվիրակության համոզմամբ, Կաննի կինոշուկան կարևոր է Հայաստանի նման փոքր բյուջե ունեցող երկրների համար։ Այն հնարավորություն է ընձեռում ֆիլմարտադրության ոլորտում նոր գործընկերներ գտնելուն և հայկական ֆիլմերի համաշխարհային ճանաչմանը խրախուսելուն։

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը