24 September 2026
Ֆրանսիայի Սեն-Պոլ-դը-Վանս քաղաքում կայացել է Lumière Summit-ը՝ կինոյի և շարժապատկերի ապագային նվիրված առաջին միջազգային գագաթնաժողովը, որը համանախագահել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը։ Այս բացառիկ հարթակը համախմբել է ավելի քան 200 բարձրաստիճան հյուրերի՝ ավելի քան 65 երկրից՝ ներկայացնելով համաշխարհային կինոյի, հեռուստատեսության, տեսախաղերի ոլորտները, պետական կառույցներն ու ստեղծագործական էլիտան:
Հայաստանի կինոյի հիմնադրամն այս միջազգային կարևորագույն իրադարձությանը մասնակցել է տնօրեն Դավիթ Բանուչյանի ներկայացուցչությամբ։
Գագաթնաժողովի առանցքային և շրջադարձային արդյունքներից էր վեց հիմնարար դեկլարացիոն փաստաթղթերի ընդունումը, որոնց միջոցով Հայաստանի կինոյի հիմնադրամը պաշտոնապես դարձել է միջազգային այս հեղինակավոր ցանցի լիիրավ անդամ կառույց: Ստորագրված փաստաթղթերը սահմանում են ոլորտի զարգացման ռազմավարական ուղղությունները՝ կինոյի ապագայից և արհեստական բանականության մշակութային կառավարումից մինչև ֆիլմերի անօրինական տարածման դեմ պայքար, պատկերային գրագիտության կրթություն, էկոլոգիական կայունություն, ինչպես նաև նկարահանման հրապարակներում անվտանգության և գենդերային հավասարության ապահովում:
Այս նախաձեռնությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը գործնականում ինտեգրվել է աշխարհի առաջատար ազգային կինոինստիտուտների ընտանիքին։ Lumière-ի հիմնական հռչակագիրը հիմք է դնում միջազգային սերտ համագործակցության՝ ստեղծագործությունների պաշտպանությունից ու հեղինակային իրավունքներից մինչև հանդիսատեսի ներգրավում և նոր տեխնոլոգիաների կիրառություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական կինոարդյունաբերության համար։
Գագաթնաժողովի շրջանակում հայտարարված ռազմավարական նոր նախաձեռնությունները՝ անկախ կինոթատրոնների ու դիստրիբյուտորների պաշտպանության հարթակը, վտանգված կինոժառանգության պահպանման միջազգային ծրագիրը, կինոկրթության գլոբալ գործընկերությունը, տեսալսողական ոլորտի նոր սերնդի ղեկավարների ծրագիրը և աշխարհի կինոգործակալությունների մշտական համագործակցության ցանցը, ստեղծում են աննախադեպ հնարավորություններ փոխանակումների և համատեղ նախագծերի իրականացման համար:
Ինչպես նշում են Lumière Summit-ի կազմակերպիչները, ձևավորած միջազգային համագործակցության այս հարթակը կրելու է շարունակական բնույթ, և ակնկալվում է, որ հաջորդ սամիթը կկայանա Կանի կինոփառատոնի շրջանակում՝ շարունակելով ամրապնդել և զարգացնել գլոբալ կինոհամայնքի միջև ստեղծված կապերը։ Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակելու է հետևողականորեն քայլեր ձեռնարկել հայկական կինոն միջազգային ասպարեզում առավել տեսանելի և մրցունակ դարձնելու ուղղությամբ։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը