10 November 2026

Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնած «Կինոխաչմերուկներ - Երևան» ծրագրի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին «Նաիրի» կինոթատրոնում՝ «ՌեԱ» միջազգային փառատոնի շրջանակում։ Բացման երեկոն նվիրված էր ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի կինոարվեստին և անցկացվեց նրա մասնակցությամբ։

Երեկոյի ընթացքում Հայաստանի կինոյի հիմնադրամը Սերժ Ավետիքյանին հանձնեց Կոմիտասի հուշամեդալ՝ ի նշան մշակույթի ոլորտում նրա ներդրման։ Հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանն իր խոսքում անդրադարձավ Ֆրանսիայում հայկական կինոյի ներկայացման գործում Ավետիքյանի դերին։ Նա հիշատակեց Փարիզում Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպումը, դրանց վերականգնմանն Ավետիքյանի աջակցությունը և Սերգեյ Փարաջանովի փարիզյան այցի հետ կապված դրվագներ։

«Սերժը տարիներ շարունակ հայկական կինոյի դեսպանն է եղել Ֆրանսիայում, որովհետև բոլորին փորձել է ինչ-որ կերպ օգնել»,– նշեց Դավիթ Բանուչյանը։

Բացմանը ելույթ ունեցան նաև «ՌեԱ» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, ռեժիսոր Միքայել Դովլաթյանը և այլք։ Երեկոյին ներկա էին մշակույթի գործիչներ, Ավետիքյանի ընկերներն ու նրա արվեստի երկրպագուները։

Հանդիսատեսին ներկայացվեցին Սերժ Ավետիքյանի երեք անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծը», «Մի գեղեցիկ առավոտ» և «Շների պատմություն»։ Հանդիպման ընթացքում ռեժիսորը պատմեց, թե ինչու է այս պատմությունների համար ընտրել անիմացիան, և խոսեց կինոյի միջոցով ցավին անդրադառնալու ու մարդուն ուժ տալու հնարավորության մասին։

«Կյանքի գիծը» պատմում է նկարչի մասին, որի համար ստեղծագործելու հնարավորությունը կենսական նշանակություն ունի։ «Մի գեղեցիկ առավոտը» հարց է բարձրացնում, թե ինչ է կատարվում, երբ մարդը զրկվում է իր անհատականությունն ու երևակայությունն արտահայտելու ազատությունից։ Իրական դեպքերի վրա հիմնված «Շների պատմություն» ֆիլմը վերադառնում է 1910 թվականի Կոստանդնուպոլիս, որտեղից իշխանությունները թափառող շներին տեղափոխում են Մարմարա ծովի անմարդաբնակ կղզի։

Ավետիքյանը նաև հիշեց Ախպարաշենում անցկացրած մանկությունն ու 1960-ականների Երևանի կինոթատրոնները՝ պատմելով, թե ինչպես է այստեղ ձևավորվել իր հետաքրքրությունը կինոյի հանդեպ։

Հետահայաց ցուցադրությունների ծրագրում ընդգրկված են նաև «Վերադարձ Սոլոզ» (Back to Sölöz), «Նա, ում սպասում էին» (Lost in Armenia) և «Փարաջանովի սկանդալը» (Paradjanov) ֆիլմերը։ Դրանց ցուցադրությունները նախատեսված են համապատասխանաբար նոյեմբերի 10-ին, 12-ին և 13-ին։

«ՌեԱ» փառատոնի բացմանն Ավետիքյանն արժանացել է նաև փառատոնի մրցանակին՝ անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար։

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը