17 November 2026
Ամփոփվել է նոյեմբերի 14–15-ին անցկացված «Կինոարդյունաբերության ֆորում 2026»-ը։ «Հայաստանի կինոարդյունաբերության 2026–2030 թթ. ճանապարհային քարտեզ» եզրափակիչ լիագումար նիստում ներկայացվել են վեց պանելային քննարկումներում հնչած հիմնական առաջարկները։ Մասնակիցները քննարկել են դրանց իրագործելիությունն ու մինչև 2030 թվականը հնարավոր քայլերը։ Քննարկումների հիման վրա կմշակվի առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի ոլորտի շահագրգիռ կողմերին և պետական կառույցներին։
Երկու օրվա ընթացքում Հայաստանի և արտերկրի կինոոլորտի ներկայացուցիչները քննարկել են կինոարտադրության ֆինանսավորումն ու իրավական կարգավորումը, մասնավոր ներդրումները և Հայաստանում միջազգային կինոարտադրություններ ներգրավելու հնարավորությունները։ Երկրորդ օրվա քննարկումները նվիրված էին կինոկրթությանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը, միջազգային համատեղ արտադրությանը, հայկական ֆիլմերի փառատոնային ներկայությանը և կինոյում ու անիմացիայում արհեստական բանականության կիրառմանը։
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը երկրորդ օրը մասնակցել է մեկ պանելային քննարկման և եզրափակիչ լիագումար նիստին։ «Արհեստական բանականությունը և տեխնոլոգիաները կինոյում ու անիմացիայում» քննարկման ընթացքում նա ներկայացրել է հայկական դասական ֆիլմերի վերականգնման փորձը՝ կարևորելով բնօրինակի ամբողջականության պահպանումը։ Մասնակիցներն անդրադարձել են նաև արհեստական բանականության ստեղծագործական կիրառություններին, հեղինակային իրավունքին և կինոկրթության ապագային։
Ֆորումն անցկացվել է Երևանի DoubleTree by Hilton Yerevan City Centre հյուրանոցում։ Այն կազմակերպել են Հայաստանի կինոյի հիմնադրամը (CFA) և Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհուրդը (ICA)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը