Մարտի 07 2024
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, hամագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը օրերս հանդիպել և քննարկել են մշակութային համագործակցության, մասնավորապես, կինոոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր։
Փոխնախարար Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով մշակութային գործնական հանդիպումները՝ եվրոպական կառույցների պատասխանատուների հետ։ Դեսպան Մարագոսը մեծապես հետաքրքրված է հայկական մշակույթով և կարևորել է նրա առանձնահատուկ դերն ու նշանակությունը։
Կինոկենտրոնի տնօրենը հյուրերին ծանոթացրել է կառույցի առաջնային կարևորության ծրագրերն ու գործողությունները, որոնք մեծապես կապված են հայկական կինոժառանգության պահպանության, վերականգնման, տարածման և համատեղ կինոարտադրության զարգացման հետ։ Շուշանիկ Միրզախանյանը հատկապես նշել է, որ 2024 թվականը հոբելյանական է հայկական կինոյի համար․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նշանավոր անձանց ցանկում ներառված են Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակները, որոնց նվիրված հոբելյանական միջոցառումներ են նախատեսված և՛ Հայաստանում, և՛ արտերկրում:
Վասիլիս Մարագոսը ցանկություն է հայտնել իր կառույցի դիվանագիտական հանրույթի համար Երևանում կազմակերպել Սերգեյ Փարաջանովի կարճամետրաժ երեք վերականգնված ֆիլմերի՝ Եռաֆիլմի (Տրիպտիխի) ցուցադրությունը․ «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.)։ Այս ուղղությամբ պայմանավորվել են հստակեցնել ժամկետները և ցուցադրության հետ կապված մանրամասները։
Կողմերը հանդիպման ընթացքում խոսել են նաև մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական ֆիլմերի ամենամյա փառատոնի անցկացման շուրջ։ Հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։ Հանդիպման ավարտին, դեսպանը շրջայց է կատարել Հայաստանի ազգային կինոկենտրոնի նորաբաց տարածքում։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը