Մայիսի 11 2012
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, մայիսի 16-25-ը Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում, 4-րդ անգամ հայ պրոդյուսերներն ու ռեժիսորները, իրենց կինոնախագծերը, հետարտադրական փուլում գտնվող եւ արդեն ավարտված ֆիլմերը, կներկայացնեն օտարերկրյա պրոդյուսերներին եւ դիստրիբուցիոն ընկերություններին:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշում է, որ այս անգամ իրենց պատվիրակությունը բազմամարդ է. «Մենք այս անգամ որոշեցինք Կաննին մասնակցել նոր մոտեցմամբ. պետությունը ֆիլմերի և նոր կինոնախագծերի հեղինակներին հնարավորություն է ընձեռել անձամբ մասնակցելու կինոշուկայի աշխատանքներին և փորձել ինքնուրույն հետագա համագործակցության ուղիներ գտնել»: Կաննի ծրագրում ընդգրկվել են հետաքրքիր և ասելիք ունեցող նախագծերի և ֆիլմերի պատասխանատուները, որոնք նախապես տարածված հայտարարության համաձայն հայտեր են ներկայացրել:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատանքային խումբն անհատապես աշխատել է բոլոր մասնակիցների հետ, նրանց ֆիլմերի և նախագծերի համար պատրաստել պրեզենտացիոն ծրագրեր ինչպես հայկական տաղավարում, այնպես էլ այլ երկրների կինոտաղավարներում:
Բացի այդ, միջազգային պրոդյուսերական և դիստրիբյուտորական ընկերությունների, կինոֆոնդերի պատասխանատուների հետ ձեռք են բերվել հանդիպումների և քննարկումների նախնական պայմանավորվածություններ, և կազմվել է ժամանակացույց: Վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի սեկցիաներում ևս, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կցուցադրվեն մի շարք ֆիլմեր:
Կաննի կինոշուկայի տասն օրերի ընթացքում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (այս տարի ստորագրվել է համագործակցության պայմանագիր), «Բելառուսֆիլմի», Ուկրաինայի, Չեխիայի կինոոլորտների պատասխանատուների հետ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը