Փետրվարի 28 2011

Այս տարի Կաննի միջազգային կինոփառատոնին Հայաստանից ներկայացվելու է «Լուսապսակ» ֆիլմը, որի նկարահանման և մոնտաժային աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա նշեց, որ «Լուսապսակ» ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Արամ Սուքիասյանն է: Այս ֆիլմը Հայաստանում նկարահանված առաջին ռոք - օպերան է: Այն նկարահանվել է Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսի հիման վրա:

 

Գ. Գևորգյանի խոսքով, Հայաստանն արդեն երրորդ տարին է, որ առանձին տաղավարով մասնակցելու է փառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային: Նա նշեց, որ Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվելիք կինոշուկայում ներկայացվելու են Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում նկարահանված ֆիլմեր, ինչպես նաև տարբեր ֆիլմերի համագործակցային փաթեթներ:

 

«Կինոշուկային մեր մասնակցությունը էապես նպաստեց հայկական կինոյի զարգացմանը, այն հնարավորություն տվեց կապեր հաստատել տարբեր երկրների ընկերությունների հետ, ինչպես նաև այն նպաստեց փորձի փոխանակմանը», - ասաց նա և հավելեց, որ եթե 2006 և 2007 թվականներին Հայաստանում Ազգային կինոկենտրոնը նկարահանում էր 1 կամ 2 ֆիլմ, ապա այժմ` համագործակցության արդյունքում, նկարահանում է տարեկան 5 կամ 7 ֆիլմ: Նրա խոսքով, Կաննի կինոշուկան մեզ հնարավորություն տվեց մեր ֆիլմերը ներկայացնել աշխարհին:

 

Կաննի փառատոնը, որը համարվում է կինոարդյունաբերության ամենահեղինակավոր փառատոնը, առաջին անգամ անցկացվել է 1946 թվականին: Հայտնենք, որ փառատոնն անցկացվում է մայիսի 11-ից 22-ը ընկած ժամանակահատվածում: Նշենք, որ այս տարի 2011 թվականին կայանալիք Կաննի փառատոնի ժյուրին գլխավորելու է ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ Դե Նիրոն:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը