Հունիսի 23 2025
2025 թ. հունիսի 8-15-ը Ֆրանսիայի Անսի քաղաքում տեղի ունեցավ անիմացիայի ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը։ Տարեցտարի այստեղ են համախմբվում աշխարհի առաջատար անիմատորները, պրոդյուսերները և ոլորտի հիմնարար ինստիտուտները՝ ներկայացնելու անիմացիայի նոր ուղղություններն ու նախագծերը։
Փառատոնի շրջանակում հունիսի 10-13-ը անցկացվեց նաև անիմացիոն ֆիլմերի միջազգային շուկան (Mifa), որն այս տարի ևս դարձավ ոլորտային շփումների, համագործակցությունների և գաղափարների փոխանակման առանցքային կենտրոն։ Ուրախությամբ նշում ենք, որ Հայաստանի կինոյի հիմնադրամը երրորդ տարին անընդմեջ մասնակցեց այս կարևոր հարթակին՝ ներկայանալով սեփական տաղավարով, որը տրամադրվել էր հայ անիմացիոն արտադրողներին՝ գործնական հանդիպումների և պրոֆեսիոնալ շփումների համար։
Հայկական տաղավարում հանդիպումների արդյունքներն ընդգրկուն էին՝ կայացան արդյունավետ հանդիպումներ, կնքվեցին համագործակցության հուշագրեր, հաստատվեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք նպաստելու են հայկական անիմացիայի հետագա զարգացմանը։
Տաղավարն այս տարի բրենդավորվել էր Զաքար Դեմիրճյանի «Օձի ապուր» անիմացիոն ֆիլմի գրաֆիկայով։ Անսիի փառատոնի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում ընդգրկված այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ Բոնլիոյի կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում։ «Օձի ապուրը» արտադրել է «Բադա» ընկերությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ընտրությունը կայացել էր փառատոնին ներկայացված շուրջ 3900 կարճամետրաժ ֆիլմերի հայտերից, որոնցից մրցութային ծրագրերում ընդգրկվել էր միայն 72 ֆիլմ։ Ըստ CartoonBrew հարթակի՝ «Օձի ապուրը» ներառվել է Անսիի այս տարվա լավագույն 10 անիմացիոն կարճամետրաժների շարքում։
Մեկ այլ կարևոր հաջողություն էր «Տուն-Տունիկ» նախագծի հաղթանակը Mifa փիչինգում։ 62 հայտից՝ անիմացիոն դոկումենտալ ֆիլմերի նորաստեղծ անվանակարգում, OnOFF ընկերության կողմից ընտրվել էր եզրափակիչ փուլ անցած 6 հայտից՝ արժանանալով գլխավոր մրցանակին՝ BIPTV-ի նախավաճառքի պայմանագիր և €15,000 դրամական պարգև։
Այս տարվա նշանավոր ձեռքբերումներից էր նաև Հայաստանի անիմացիոն ասոցիացիայի անդամակցումը «Animation in Europe» ֆեդերացիային։ Հայկական նորաստեղծ անիմացիոն ասոցիացիան դարձավ այդ կառույցի 27-րդ լիարժեք անդամը։ Սա կարևոր քայլ է հայ անիմացիայի միջազգային ինտեգրման գործընթացում և միաժամանակ Հայաստանի անիմացիոն ոլորտը եվրոպական քարտեզի վրա ներկայացնելու նշանակալի հնարավորություն։
Հայաստանի մասնակցությունը Անսիի անիմացիոն ֆիլմերի շուկային և փառատոնին ոչ միայն կարևոր քայլ է հայկական անիմացիայի միջազգային ներկայության ամրապնդման ուղղությամբ, այլև արդյունավետ հարթակ՝ նոր կապերի ստեղծման, համագործակցությունների ձևավորման և հայկական ստեղծագործական ներուժը համաշխարհային ասպարեզում ներկայացնելու համար։ Ձեռք բերված արդյունքներն ու արձանագրված հաջողությունները վկայում են այն մասին, որ հայկական անիմացիոն ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ և արդեն գրավում է իր արժանի տեղը միջազգային հարթակներում։
Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը