Հուլիսի 04 2025

Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ խոնարհվեցին թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի շիրիմին՝ ծննդյան 95-ամյակի առթիվ։

 

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի փոխտնօրեն Մխիթար Մելոքնյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանը, Վրաստանի թատերական քննադատների միության նախագահ Նիկոլոզ Ծուլուկիձեն, Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի վարչության տնօրեն Նինո Սուլաձեն, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Դալի Թաբաղարին, կինոպրոդյուսեր Դավիթ Բեջիտաշվիլին, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցչներ և արվեստասերներ դերասանի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին:

 

Շնորհակալություն հայտնելով ներկաներին Մհեր Մկրտչյան դերասանի հիշատակը պատվելու համար՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է. «Մհեր Մկրտչյանն իր թատերական գործունեությամբ կերտել է տարբեր ժողովուրդների բարեկամության և համամարդկային արժեքներ փոխանցող կերպար: Արժևորելով նրա թողած ժառանգությունը՝ կարևոր է, որ մերօրյա երիտասարդները ոգեշնչվեն նրա գործերով, չվախենան երազելուց և շարունակեն համամարդկային արժեք ունեցող գործը»: Մեծարանքի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: «Մհեր Մկրտչյանը մեր հայելին է. նրա միջոցով մենք տեսնում ենք ինքներս մեզ: Չկա ընտանիք, որտեղ նա իր հետքը թողած չլինի՝ նպաստելով աշխարհայացքի ձևավորմանը, հայ մարդու խորը կերպարի ստեղծմանն ու բացահայտմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ ոլորտում ապագայի ծրագրերը պետք է իրականացվեն նաև Մհեր Մկրտչյանի հիշատակի առջև պատասխանատվությամբ: Գնահատանքի խոսքեր հնչեցնելով մեծանուն արվեստագետի հիշատակին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշել է. «Մհեր Մկրտչյանն իր արվեստով որևէ դպրոցի չի պատկանում. նրա ստեղծած արվեստը վեր է բոլոր սահմաններից»:

 

Նշենք, որ օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի, Վրաստանի մշակույթի նախարարության, Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 4-ին` ժամը 19:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին: Միջոցառումն իրականացվում է հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում, վրացական կողմի գործընկեր՝ NNLE “Art Air” կազմակերպություն:

 

Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը