Սեպտեմբերի 17 2026
Կորդոբայում կայացավ «Ինքնության դիմանկարներ․ Հենրիկ Մալյանի կինոն» (Portraits of Identity: The Cinema of Henrik Malyan) խորագրով հայկական ֆիլմերի երրորդ կինոշարքը։
Օգոստոսի 13-ին, 20-ին և 27-ին Կորդոբայի մշակութային կենտրոնում տեղի ունեցած ցուցադրությունների ընթացքում արգենտինացի հանդիսատեսին ներկայացվել են հայ կինոյի մեծանուն ռեժիսոր Հենրիկ Մալյանի երեք նշանավոր ֆիլմերը՝ «Եռանկյունին» (1967), «Մենք ենք, մեր սարերը» (1969) և «Կտոր մը երկինք» (1980)։ Ֆիլմերը ցուցադրվել են բնօրինակ լեզվով՝ իսպաներեն ենթագրերով։
Կինոշարքը կազմակերպվել է Կորդոբայի հայկական համայնքի նախաձեռնությամբ՝ Կորդոբայի մշակույթի գործակալության, Կորդոբայի մշակութային կենտրոնի և Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությամբ։ Այն անցկացվել է Կորդոբայի հայկական համայնքի և Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Կինոշարքի նպատակն էր հայկական կինոյի միջոցով արգենտինացի հանդիսատեսին ներկայացնել Հայաստանի մշակույթը, պատմությունն ու ինքնությունը, ինչպես նաև կինոյի միջոցով նպաստել Հայաստանի և Կորդոբայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը։
Երեք ցուցադրություններին մասնակցել է շուրջ 80 հանդիսատես։ Ֆիլմերը ջերմ ընդունելության են արժանացել, իսկ հանդիսատեսի արձագանքները վկայել են հայկական կինոյի նկատմամբ հետաքրքրության և նման նախաձեռնությունների շարունակականության պահանջարկի մասին։
Հայաստանի կինոյի հիմնադրամը կարևորում է հայկական կինոժառանգության միջազգային ներկայացումը և հասանելիությունը։ Միջազգային տարբեր հարթակներում հայկական դասական ֆիլմերի ցուցադրությունները հնարավորություն են տալիս ոչ միայն հանրահռչակելու հայկական կինոժառանգությունը, այլև դրա միջոցով ձևավորելու մշակութային երկխոսություն և ամրապնդելու Հայաստանի ու տարբեր երկրների միջև մշակութային կապերը։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը